«Չարլին և շոկոլադի գործարանը» Ռոալդ Դալի հեքիաթ–վիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։
Փոքրիկ տղա Չարլի Բաքեթըապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝ որպես նվեր։
Շոկոլադի խոշոր գործարանատեր արտասովոր պարոն Ուիլի Ուոնկան, տասը տարի իր գործարանում անցկացնելով մենակեցության մեջ, հայտարարում է, որ հինգ ոսկե տոմսերի խաղարկություն է կազմակերպում, որի միջոցով հինգ երեխա հնարավորություն կստանա լինել իր գործարանում։ Այցելությունից հետո նրանցից յուրաքանչյուրը ցմահ կապահովվի անհաշիվ շոկոլադով, իսկ մեկը կպարգևատրվի ինչ-որ առանձնահատուկ նվերով։
